Արգելափակվել են «Hellobit» ֆինանսական բուրգի կայքերը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը միջազգային համագործակցության արդյունքում արգելափակել է «Hellobit» ֆինանսական բուրգի գործունեությունը։ Մասնավորապես, անհասանելի են դարձել hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերը, ինչը նպատակ ունի կանխել քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները։

Դեռևս մեկ ամիս առաջ ՆԳՆ-ն զգուշացրել էր քաղաքացիներին «Hellobit» առցանց հարթակի ռիսկերի մասին՝ հորդորելով զերծ մնալ նման ռեսուրսներում ներդրումներ կատարելուց։ Հարթակը առաջարկում էր բարձր եկամտաբերություն՝ խոստանալով տոկոսներ նաև նոր մասնակիցներ հրավիրելու դիմաց, սակայն եկամուտները գոյանում էին ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ նոր ներգրավված անձանց միջոցներից։

Միաժամանակ` ոստիկանությունը զգուշացրել է նաև զերծ մնալ գումարի դիմաց Ձեր բջջային համարներով ակտիվացրած հավելվածները վաճառելու գործարքներից։

Ֆինանսական բուրգի գործունեությունից տուժած քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել տարածքային ոստիկանության բաժին կամ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։

Leave a Comment