Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու քայլերից։
«Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միասնության ամուր պահպանությունն ու ներսային և արտաքին սպառնալիքներից զերծ պահելը համազգային առաջնահերթություն է։ Այս գիտակցությամբ և հանձնառությամբ մենք հղում ենք անում հետևյալ կոչը․
Հայաստանի Հանրապետությունների իշխանություններին՝
— կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին,
-խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել և հակասահմանադրական ու անընդունելի են՝ սպառնալով եկեղեցու, ազգի և Հայրենիքի անվտանգությանը։
Սուրբ Էջմիածնին՝
-հնարավորինս արագ, համբերատար և խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը,
— համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ,
— եղբայրական ոգով և կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ։
Եկեղեցին Աստծո տունն է, և միաժամանակ՝ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք և պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն՝ կառուցողական, շինարար և բարեփոխիչ մոտեցմամբ, միտված՝ զորացնելու նրա ծառայողական առաքելությունը»,- ասված է նրա հայտարարության մեջ: