«ՏաԹևերը»՝ աշխարհի լավագույն ճոպանուղին – PanARMENIAN.Net

«ՏաԹևերը»՝ աշխարհի լավագույն ճոպանուղին

8 դեկտեմբերի 2025 – 12:29 AMT

PanARMENIAN.Net«ՏաԹևեր» ճոպանուղին 2025 թվականին չորրորդ անգամ նվաճել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակը՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

Քվեարկության արդյունքում «ՏաԹևերը» գերազանցել է մրցակիցներին՝ ներկայացված Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և Հարավային Աֆրիկայից։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բահրեյնում, որտեղ բաց քվեարկությամբ հայտարարվել է հայկական ճոպանուղու հաղթանակը։

«ՏաԹևերը» հաղթել է այս անվանակարգում նաև 2021, 2023 և 2024 թվականներին՝ վերահաստատելով իր բարձր միջազգային վարկանիշը։

Ճոպանուղին այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր այն դարձել է Հայաստանի զբոսաշրջության կարևոր խորհրդանիշներից մեկը։

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված այս նախագիծը ճանաչվել է որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի՝ ունենալով 5752 մետր երկարություն։

Նախագիծն էական դեր է խաղացել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի զարգացման մեջ՝ զգալիորեն բարձրացնելով զբոսաշրջային ներհոսքը։

Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզի ներգնա զբոսաշրջային հոսքը 15 տարվա ընթացքում աճել է 17 անգամ։

Leave a Comment