8 դեկտեմբերի 2025 – 12:29 AMT
PanARMENIAN.Net – «ՏաԹևեր» ճոպանուղին 2025 թվականին չորրորդ անգամ նվաճել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակը՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։
Քվեարկության արդյունքում «ՏաԹևերը» գերազանցել է մրցակիցներին՝ ներկայացված Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և Հարավային Աֆրիկայից։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բահրեյնում, որտեղ բաց քվեարկությամբ հայտարարվել է հայկական ճոպանուղու հաղթանակը։
«ՏաԹևերը» հաղթել է այս անվանակարգում նաև 2021, 2023 և 2024 թվականներին՝ վերահաստատելով իր բարձր միջազգային վարկանիշը։
Ճոպանուղին այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր այն դարձել է Հայաստանի զբոսաշրջության կարևոր խորհրդանիշներից մեկը։
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված այս նախագիծը ճանաչվել է որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի՝ ունենալով 5752 մետր երկարություն։
Նախագիծն էական դեր է խաղացել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի զարգացման մեջ՝ զգալիորեն բարձրացնելով զբոսաշրջային ներհոսքը։
Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզի ներգնա զբոսաշրջային հոսքը 15 տարվա ընթացքում աճել է 17 անգամ։