Անհավասարությունը` կորպորատիվ մշակույթի մաս — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռուսական ընկերություններում մենեջերների և սկսնակ մասնագետների աշխատավարձի միջև տարբերությունը մեծ է, գրում է rbc.ru-ն։ Խոշոր կորպորացիաների գործադիր տնօրենները կարող են 50 անգամ ավելի շատ վաստակել, քան սովորական աշխատակիցները, նշում է Superjob.ru պորտալի նախագահ և Ստոլիպինի անվան տնտեսության աճի ինստիտուտի փորձագետ Ալեքսեյ Զախարովը։ Խոշոր ընկերությունները կառուցված են այն համոզմունքի վրա, որ արժեք ստեղծում են տնօրենները, մինչդեռ ենթականերին կարելի է փոխել ցանկացած պահի։

Ռեսուրսների անհավասար բաշխումը հիմնականում բնորոշ է մենաշնորհային և ոչ շուկայական սկզբունքներով գործող կազմակերպություններին. նման ընկերությունները կարիք չունեն մտածելու արդյունավետության մասին, ասում է Սկոլկովոյի կառավարման դպրոցի բիզնես պրակտիկայի պրոֆեսոր Անդրեյ Շապենկոն։ «Այնտեղ աշխատավարձերը հաճախ արտացոլում են հավատարմությունը, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմը»։ «Արդյունքը ներքևում էժան, կառավարելի անձնակազմի և վերևում աստղաբաշխական աշխատավարձերի համակարգն է», — բացատրում է փորձագետը։

Մենեջերները յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց իշխանության նկատմամբ, ասում է Բալեարյան կղզիների համալսարանի (UIB) բիզնես տնտեսագիտության պրոֆեսոր Օլգա Իվանովան։ «Նորմալ է համարվում , երբ բոլոր որոշումները մեկ անձն է կայացնում։ Թոփ մենեջերները հավատում են, որ որոշումների կայացումը իրենց աշխատանքն է, և դրա պատվիրակումը վտանգավոր է բիզնեսի համար։ Հետաքրքիր է, որ արևմտյան երկրներում այլ կարծիք կա՝ անընդհատ փոփոխվող պայմաններում մեկ անձը պարզապես չի կարող որոշումներ կայացնել բոլոր ճակատներում»։

Այսպիսով, եթե թոփ մենեջերը որոշումների մեծ մասը կայացնում է ինքնուրույն՝ առանց պատասխանատվությունը պատվիրակելու հիերարխիայի ստորին օղակներին, ապա նա կարիք չունի որակյալ մենեջերների, որոնք կարող են կրել բարձր մակարդակի պատասխանատվություն։ «Կան բազմաթիվ լավ կատարողներ, և դա եկամտի բոլորովին այլ մակարդակ է», — պարզաբանում է Օլգա Իվանովան։ Խնդիրն ավելի է սրվում այն կարծրատիպով, որ աշխատակիցները չպետք է իրենց ղեկավարից ավելի վաստակեն։

Մեկ այլ պատճառ է մրցակցության վախը։ Մենեջերները չեն ցանկանում, որ իրենց տաղանդավոր ենթակաները ծառայողական աստիճանակարգում առաջխաղացնում ունենան։

Նման կառավարումը բնութագրվում է նաև կադրերի բարձր հոսունությամբ և դեմոտիվացիայով. ուժեղ աշխատակիցները չեն մնում, թույլերը չեն աճում, ղեկավարները զբաղված են վերահսկողությունով, այլ ոչ թե ռազմավարությամբ։

Սակայն Ռուսաստանը միայնակ չէ այս խնդրում։ Միացյալ Նահանգներում, Տնտեսական քաղաքականության ինստիտուտի կողմից 2023 թվականին անցկացված ուսումնասիրության համաձայն, գործադիր տնօրենները սովորական աշխատակիցներից կարող են 290 անգամ բարձր վարձատրվել։ Միչդեռ, 1965 թվականին ամերիկացի գործադիր տնօրենի միջին աշխատավարձը ընդամենը 20 անգամ էր բարձր իր աշխատակիցների աշխատավարձից։

Սակայն բաշխման պատճառները տարբեր են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան ընկերություններում բարձրաստիճան մենեջերների և սովորական աշխատակիցների աշխատավարձերի տարբերությունը սկսել է արագորեն մեծանալ ֆոնդային շուկաների զարգացման ֆոնին։ Որքան մեծ է աշխատողի եկամտի բաժինը կապված ֆոնդային շուկայի հետ, այնքան բարձր է աշխատավարձը, և մեծ է տարբերությունը», — բացատրում է Օլգա Իվանովան, նշելով, որ Ռուսաստանի կորպորատիվ միջավայրում աշխատավարձերի տասնապատիկ տարբերության պատճառները թաքնված են հենց կառավարման մշակույթում։

Leave a Comment