
Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղներից հետո վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 51.82 տրիլիոն ռուփի (3.11 միլիարդ դոլար), հայտարարել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։
Կիրակի երկրի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի գլխավորած կառավարության նիստում նշվել է, որ տուժած երեք նահանգներից միջոցների ամենաշատ կարիք ունի Աչեհը՝ 25.41 տրիլիոն ռուփի։ Հյուսիսային Սումատրայի և Արևմտյան Սումատրայի համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար 12.88 տրիլիոն և 13.52 տրիլիոն ռուփի։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը երկուշաբթի օրվա դրությամբ հասել է 950-ի, 274 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը գերազանցել է 900-ը։
Ինդոնեզիայի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը հայտնել է, որ աղետը պայմանավորված է նոյեմբերի վերջից տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրևներով։ Ցեխային հոսքերը վնասել են բնակելի շենքերը, ճանապարհները և ենթակառուցվածքները՝ խոչընդոտելով փրկարարների մուտքը ամենաշատ տուժած տարածքներ։