85-ամյա Մուրադ պապը՝ ապրելու ուժի ու հույսի օրինակ. «Երկրորդ շնչառություն»

Մուրադ Հակոբյանն այսօր երկու վայրում է սփոփանք գտնում՝ Վանաձորի անտառներում և մարդկանց ջերմ վերաբերմունքի մեջ՝ հույսը չկորցնելով, որ մի օր կվերադառնա Արցախ, որտեղ զավակների ու թոռների համար իր ձեռքերով ութ տուն է կառուցել։

«Հիմա 85 տարեկան եմ, բայց դա ինձ համար մի քիչ շատ է, չեմ զգում այդ տարիքը, չեմ ուզում ընդունել։ Առույգ եմ, կյանքումս հիվանդանոցում չեմ պառկել, մի կոճակ դեղ էլ չեմ խմել»,– ասում է «Արփի» ՀԿ-ի շահառու Մուրադ պապն ու բոլորին խորհուրդ տալիս լավի վրա կենտրոնանալ և դժվարություններին ամեն կերպ դիմակայել։

Դժվար մանկությունը, կյանքի բոլոր փուլերում սեփական ուժերով ոտքի կանգնելու կարողությունն ու ամեն գնով դժվարություններին դիմակայելու որոշումն են կոփել նրան։ Արցախյան առաջին պատերազմում որդու զոհվելն անգամ ծնկի չի բերել պինդ արցախցուն, որ իր ուսերին է վերցրել երեք տղա թոռներին ոտքի հանելու առաքելությունը։ Իր սկզբունքները փոխանցել է որդիներին, թոռներին, իսկ հիմա արդեն՝ ծոռներին։ Ամենօրյա ռեժիմով նրանք պապին տեղեկացնում են իրենց կյանքի կարևոր դրվագների մասին։

«Արփի» ՀԿ-ի նախագահ Սոֆյա Մինասյանը պատմում է, որ տարբեր գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ 2020 թվականի պատերազմից հետո բազմաբնույթ ծրագրեր են իրականացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, սակայն առանձնահատուկ են տարեցների համար իրականացվող նախագծերը։

«Աշխատում ենք տարեցների հետ նույնիսկ շաբաթ ու կիրակի օրերին։ Հոգեբանական աշխատանք է տարվում, իրենց սիրելի խաղերն են խաղում, էքսկուրսիաներ ենք կազմակերպում, տոներն ենք նշում, որ հանկարծ անտեսված չզգան»,– եզրափակում է տիկին Սոֆյան։

Leave a Comment