Արամ Ա–ն «Թրամփի ուղուն» առնչվող հարցեր է քննարկել Իրանի դեսպանի հետ

Արամ Ա–ն «Թրամփի ուղուն» առնչվող հարցեր է քննարկել Իրանի դեսպանի հետ

6 դեկտեմբերի 2025 – 13:57 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 5–ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպում է ունեցել Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ի թիվս այլ հարցերի զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին, որը ստացել է «Թրամփի ուղի» անվամումը։

Նրանք անդրադարձել են նաև Հռոմի Պապ Լեոն 14-րդի՝ Լիբանան կատարած այցին, Լիբանանում առկա իրավիճակին, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին։

Հանդիպման ավարտին Իրանի դեսպանը հրավիրել է Վեհափառ հայրապետին այցելել Իրան։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment