Եվրոպական երգի մրցույթը 2026 թվականին կարող է բյուջեի կրճատման հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ Իսպանիան, Նիդեռլանդները, Իռլանդիան և Սլովենիան հայտարարել են մրցույթից դուրս գալու մտադրության մասին։
Չորս երկրներն էլ դեմ են մրցույթին Իսրայելի մասնակցությանը՝ Գազայում պատերազմի մարդասիրական հետևանքների պատճառով։
2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը նախատեսված է անցկացնել Ավստրիայում։
Reuters-ը նշում է, որ մրցույթի հինգ խոշորագույն հովանավորներից մեկի՝ Իսպանիայի և երկու տնտեսապես հզոր եվրոպական երկրների բոյկոտը կարող է հանգեցնել գովազդային եկամուտների անկման և լսարանի նվազման։
Գործակալությունը շեշտում է, որ շոուին ամբողջ աշխարհում ավանդաբար հետևում են միլիոնավոր հեռուստադիտողներ, և նման մասնակիցների կորուստը կարող է ազդել միջոցառման բյուջեի վրա։
Ավստրիական ORF հեռարձակողը հաստատել է, որ մի քանի երկրների բացակայությունը նկատելի կլինի։ ORF-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Վայսմանը հայտարարել է, որ կանխատեսվել են հնարավոր ֆինանսական դժվարությունները, և մրցույթը չի վտանգվի։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի մասնակցությունը ներդրում է ընդհանուր բյուջեում, բայց կազմակերպիչները նաև պատրաստ են սցենարին, որ որոշ երկրներ չեն մասնակցի։
Եվրոպական հեռարձակողների միությունը նախկինում մերժել էր Իսրայելի մասնակցության հարցը քվեարկության դնելու կոչերը: Միությունը նաև հաստատել է նոր կանոններ, որոնք վերացնում են կառավարությունների մասնակցությունը մրցույթի վերաբերյալ որոշումների կայացմանը։
«Եվրատեսիլի» ֆինանսական մոդելը հիմնված է ազգային հեռարձակողների ներդրումների, հովանավորչական պայմանագրերի և միջոցառման եկամուտների վրա: Բեռը հիմնականում ընկնում է տնտեսապես հզոր երկրների վրա: 2025 թվականի մրցույթի լսարանը Իսպանիայում հասել է գրեթե վեց միլիոնի, իսկ Նիդեռլանդներում՝ ավելի քան երեք միլիոնի։
Մրցույթի տնօրեն Մարտին Գրինը նշել է, որ «Եվրատեսիլը» մնում է կայուն ֆինանսական վիճակում: Կազմակերպիչները նշում են, որ շարունակում են նախապատրաստական աշխատանքները շոուի համար և ակնկալում են միջազգային մասնակցության կայուն մակարդակ՝ չնայած մրցույթի շուրջ քաղաքական վեճին։