Մեկնարկել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը

Մեկնարկել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը

6 դեկտեմբերի 2025 – 10:56 AMT

PanARMENIAN.NetՄեկնարկել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։

Նախագծով նախատեսվում է կառուցել նոր համերգասրահ՝ 1000 հանդիսականի համար նախատեսված, ինչպես նաև ժամանակակից արվեստի թանգարան՝ համալրված նոր ցուցասրահներով։ Ընդհանուր առմամբ, մշակութային և ժամանցային հանգույցը զբաղեցնելու է մոտ 30 հազար քմ տարածք։

Ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։ Այդ ժամանակ շատերն անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։ Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։ Կասկադի գործընթացի մեկնարկը փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։

Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։ Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings–ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին՝ բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին՝ խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։ Շնորհակալություն պարոն Վիլմոտին։ Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլև մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք: Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, տեղծվելու է բարելավված միջավայր»:

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային նախաձեռնությանը։

Leave a Comment