Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։

«Անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Հատուկ շեշտվել է Սպանդարյան ջրանցքի վերանորոգման ռազմավարական նշանակությունը, որի համար նախատեսվում է ուղղել նաև հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ մարզպետը ներկայացրել է նաև մարզի բնակիչների կենցաղային պայմանների բարելավման նպատակով հաստատված և արդեն մեկնարկած ծրագրերի իրականացման փուլերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Սյունիքում իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը՝ ընդգծելով, որ մարզի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից։

Leave a Comment