Բողոքի ակցիա՝ ԵՄ գրասենյակի մոտ․ Մարագոսին է փոխանցել Սամսոնյանի կնոջ նամակը

Բողոքի ակցիա՝ ԵՄ գրասենյակի մոտ․ Մարագոսին է փոխանցել Սամսոնյանի կնոջ նամակը

5 դեկտեմբերի 2025 – 16:54 AMT

PanARMENIAN.NetAntiFake-ի խմբագրակազմը բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանում ԵՄ դեսպանության շենքի առաջ, դեսպան Վասիլիս Մարագոսին փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը և ներկայացրել փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները, հայտնում է Aysor.am-ը։

Բողոքի ակցիայի ընթացքում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ այս գործողությունը միանշանակ ուղերձ է ԵՄ-ին՝ որպես ամոթի նշան։

«Այս ակցիան, որը Եվրամիության դիմաց է անցկացվում, ամոթի նշան է ԵՄ-ին, որովհետև այն արժեքները, որոնք նրանք տասնամյակներ շարունակ քարոզում էին, ի վերջո հանգեց նրան, որ Հայաստանում մենք ունենք «հետույք» բառն արտասանելու համար խուլիգանության հանցակազմով բանտում գտնվող մարդիկ», հայտնում է Panorama.am-ը։

Մելիքյանը նշել է, որ ԵՄ-ի շուրջ երեք տասնամյակների աջակցությունն ի վերջո հանգեցրել է այս իրավիճակին։

Նա հավելել է, որ տեղի ունեցող դատական գործընթացների, այդ թվում՝ Արշակ սրբազանի կալանավորման մասին բարձրաձայնելու համար հենց ԵՄ ներկայացուցչության շենքի դիմաց գտնվելն առավել արդիական է։

«Ես գալիս եմ Առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրից, որտեղ արդեն «Արքի դատավոր»(որովհետև արդեն 3 արքեպիսկոպոս է կալանավորել) Մասիս Մելքոնյանն իր հերթական որոշումը կայացրեց՝ շատ սպասելի և մենք տեսնում ենք, որ Հայաստանում այդ թափանիվն անընդհատ առաջ է գնում և գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բաներ ունեն սահմանափակվելու»,–ասել է նա։

Փաստաբանը հիշեցրել է, որ ԵՄ-ն էր, որ ամեն առիթով պարբերաբար հայտարարություն էր անում ժողովրդավարության արժեքների պաշտպանության համար։

Մելիքյանը նշել է, որ եկել են ԵՄ ներկայացուցչության դիմաց և հույս ունեն, որ իրենց կհրավիրեն ներս և ցուցարարները փաստերով կբացատրեն, թե ինչ է տեղի ունեցել, որ «հետույք» բառի համար մարդ կա կալանավայրում։

Բողոքի ակցիայի մասնակից Վահե Մովսիսյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ ներկայիս իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը՝ «ձևավորելով բռնապետություն»։

Նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Leave a Comment