Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 8-12-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Որոշումը դեկտեմբերի 4-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որոշման՝ նա նաև Լոնդոնից դեկտեմբերի 15-18-ը ներառյալ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) կգործուղվի՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետներ կներկայացնի։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
