«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի մեծությամբ երրորդ բնակավայր՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղ կատարած այցի ու բնակիչների խնդիրների մասին, որոնցից են աշխատատեղերի ու բերքի մթերման բացակայությունը։
Կարապետյանը նշել է, որ գյուղի բնակիչներին հարցրել են՝ թե որտե՞ղ են իրենց բերքը վաճառում, որոնք ի պատասխան նշել են մթերման գրեթե բացակայության մասին։
«Հարցից՝ ի՞նչ գնով եք վաճառում բերքը, մարդկանց մոտ մի քիչ շփոթություն առաջացավ։ Իրար նայեցին, հետո ինձ ու պատասխանեցին, որ չեն վաճառում բերքը։ Հարցրեցի՝ իսկ ի՞նչ եք անում, ասացին՝ ոչ մի բան, պահում ենք մեզ կամ ուղարկում ենք թոռներին։ Իսկ հարցին՝ մթերում չկա՞, ասացին՝ մթերումը կամ շատ էժան գնով է, կամ ընդհանրապես չկա, չեն գալիս տանելու, ստիպված էժան գնով ենք տալիս»,- Կարապետյանը մեջբերել է գյուղացիների հետ զրույցը։
Բնակիչները հավելել են, որ ապրուստի հիմնական միջոցը Ռուսաստանից ուղարկված գումարներն են, որոնք ստանում են այնտեղ աշխատող հարազատներից։ Նրանք Կարապետյանին նաև ասել են գյուղում աշխատատեղերի բացակայության մասին։ Կարապետյանը հավելել է, որ իրենց այցը շարունակել են Վայոց ձորի այլ բնակավայրեր, որոնցում գրեթե նույն պատկերն ու խնդիրներն են արձանագրել։
«Վայոց ձորը Հայաստանի ամենապոտենցիալ մարզերից մեկն է։ Մարզը գինեգործության ոլորտում առաջիններից է աշխարհում, զբոսաշրջությամբ էլ տարբերվող տարածաշրջան է։ Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, Հայաստանի մեծությամբ 3-րդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում»,- շեշտել է Կարապետյանը։
Նա զուգահեռ հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ գումար էր ծախսել Անգլիայում դեսպանատուն բացելու համար։
«Մոտ 20 մլն եվրո էր ծախսել դեսպանատուն ունենալու համար։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի մեծությամբ երրորդ գյուղում ոչ մի բան չկա անելու, բայց մարդիկ 20 մլն, 15 մլն գումար են ծախսում դեսպանատուն ունենալու համար։ Երբ իշխանություններին հարցնում ես՝ գյուղերը չեն ապրում, տնտեսություն ու աշխատանք չկա, առաջարկում ենք մեր լուծումները, ոչինչ չեն պատասխանում, միայն ասում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան»,- հավելել է նա։
Կարապետյանը նշել է, որ նախկին նախագահների չափ ներկայիս իշխանություններն են կառավարել, բայց խնդիրների լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկում, փոխարենը՝ նախկին ղեկավարներին են մատնանշում։
«Քայկ կա անելու, թե ամբողջ կյանքդ 2 անուն ես տալու։ Ինչքան ինձ հիշում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Հասկացանք, առաջարկներ արեք։ Ի դեպ՝ սիրուն ասֆալտով մտանք այդ գյուղ, լավ ասֆալտ էր, բայց գյուղում մարդիկ ոչ մի բան չէին անում, իշխանությունն էլ համարյա 8 տարի է՝ կառավարում է»,- շեշտել է Կարապետյանը։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժումն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել․ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում: «Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել էին նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա։ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր էին առաջարկել, շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին։
Կարդացեք նաև՝
