5 դեկտեմբերի 2025 – 14:13 AMT
PanARMENIAN.Net – «Ադրբեջանական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Արիֆ Աղաևը հայտարարել է, որ ավարտվել են Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման և արդիականացման նախագծային աշխատանքները, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանակից հատվածում։
«Շինարարությունն ընդգրկում է 188 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ։ Նպատակն է՝ կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերակառուցման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կհասնի 15 միլիոն տոննայի»,–նշել է Աղաևը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։