Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ Malaysia Airlines-ի MH370 չվերթի որոնողական աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 30-ին: Որոնողական աշխատանքները կրկին կվստահեն բրիտանական Ocean Infinity ընկերությանը, հայտնում է RFI-ն։
2014 թվականի մարտի 8-ին MH370 չվերթի ինքնաթիռը` 239 ուղեւորով ու անձնակազմի անդամներով, տեղական ժամանակով ժամը 00:42-ին Կուալա Լումպուրից (Մալայզիա) ուղղություն է վերցրել դեպի Պեկին: Անձնակազմը վերջին անգամ կապ է հաստատել թռիչքից քառասուն րոպե անց, իսկ յոթ ժամ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից:
Օդանավի 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ համարվում են «վթարի հետեւանքով» մահացած:
Նախկինում որոնումները ընդգրկել էին 120,000 քառակուսի կիլոմետր ստորջրյա տարածք: Տարբեր ժամանակներում եւ տարբեր վայրերում հայտնաբերվել են քսանյոթ բեկորներ, որոնք հավանաբար եղել են այս ինքնաթիռի մասերը:
Մասնագետները եզրակացրել են, որ ինքնաթիռը մասնատվել է, բայց թե ինչո՞ւ եւ որտե՞ղ, օդո՞ւմ, թե՞ ջրի հետ բախման ժամանակ, անհասկանալի է:
Հետաքննության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին: 450 էջանոց զեկույցում փորձագետների թիմը գրել է, որ իրենք չեն կարողացել պարզել, թե ինչ է տեղի ունեցել, բայց «չեն բացառում երրորդ կողմի միջամտության հնարավորությունը»:
Մալայզիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ որոնումների նոր փուլը նախատեսվում է սկսել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին` 15,000 քառակուսի կիլոմետր նոր որոնման գոտում, սակայն մանրամասները հայտնի չեն, Չկան նաեւ ապացույցներ, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել հենց այդ գոտում:
Որոնողական աշխատանքները կարժենան մոտավորապես 113 միլիոն եվրո, որը անվանում են «մարդկության պատմության մեջ ամենծավալուն եւ ամենաթանկ» որոնումները:
Բրիտանական Ocean Infinity ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին: Այն իրականացնում է ծովային հետազոտություններ եւ տվյալների հավաքագրում՝ օգտագործելով ռոբոտներ: Ընկերությունը մշակում է հեռակառավարվող նավեր, ծովային մակերեսային անօդաչու թռչող սարքեր եւ ինքնավար ստորջրյա տրանսպորտային միջոցներ։