Այն, ինչ կատարվեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն, հայտնել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։
Խորհուրդը խիստ վրդովմունքով հայտարարել է, որ Արշակ սրբազանի շուրջ այսօր իրականացված բացահայտ ապօրինի և հանցավոր բնույթի գործողությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք, որի իրական նպատակն է՝ ծնկի բերել Հայոց եկեղեցին, ճնշել նրա անկախությունը և հարկադրել հնազանդություն։ «Արշակ սրբազանի ձերբակալությունը խայտառակ, մտածված և իշխանական ճնշման հերթական քայլ է՝ ուղղված Եկեղեցու ահաբեկմանն ու ստորացմանը։ Սա հարված է ոչ թե մեկ հոգևորականի, այլ ամբողջ հոգևոր համակարգին»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև հավելել է, որ կատարվողը նպատակ ունի ոչ թե արդարություն հաստատել, այլ պատժել սկզբունքայնությունը և զուգահեռ վերահսկողության տակ վերցնել կաթողիկոսական աթոռը՝ Եկեղեցու վերին իշխանությունը դարձնելով արտաքին ու ներքին շահերին ծառայող գործիք։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ արքեպիսկոպոսին։ Նա ավելի ուշ հայտարարել էր, որ Արշակ սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: «Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել», – գրել էր փաստաբանը:
ՔԿ մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ: Դեկտեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը վերահաստատել էր իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելը։
