ԱՄՆ Պետական դեպարտամենտը նոր կարգ է սահմանել, ըստ որի՝ դեսպանատները պարտավոր են ուսումնասիրել աշխատանքային վիզայի դիմորդների գործունեությունը համացանցում։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե»-ն։
Պետք է պարզվի՝ դիմորդը եղել է արդյոք ներգրավված խոսքի սահմանափակման, գրաքննության, ապատեղեկատվության տարածման կամ դրա փորձերի մեջ։ Ստուգվելու են նաև այն ընտանիքի անդամների LinkedIn էջերը, ովքեր միասին ցանկանում են տեղափոխվել ԱՄՆ։
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Եթե պարզվի, որ դիմորդը պատասխանատու է եղել խոսքի ազատ արտահայտման սահմանափակման կամ նման փորձերի համար, անհրաժեշտ է նրան ճանաչել վիզա ստանալու համար ոչ համապատասխան»։
Նոր կարգը վերաբերում է բոլոր աշխատանքային վիզաներին, սակայն առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բարձր որակավորում պահանջող այնպիսի վիզաներին, որոնց դեպքում դիմորդը աշխատանքի առաջարկ ունի ամերիկյան ընկերությունից։