Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադարձել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ ինքը պատարագ չի գնում, քանի որ «չի ուզում, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը հնչի»։
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»,- ի պատասխան հարցի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, թե իր այս խնդրանքը հոգևորականների հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
Ժաննա Ալեքսանյանը Փաշինյանի այս արձագանքը «խայտառակություն» է որակում.
«Ասում է՝ երբ ես պատարագի եմ գնում, չեմ ուզում կաթողիկոսի անունը հնչի։ Բայց դու ով ես, որ դարերով եկած պատարագի տեքստը քո ասելով փոխվի։ Ասում էիր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սովորական հետևորդ եմ, բա սովորական հետևորդը ԱԱԾ աշխատակիցներ է գործուղում քահանաների մոտ՝ պատարագի տեքստը փոխելու նպատակով։ Խայտառակություն, եթե չասեմ՝ այլասեռություն։ ԿԳԲ-ի ոճով։ Հիշեցի ԱԺ-ում ասածը՝ “ԿԳԲ-ի պադվալները կգցեմ ձեզ”։ ԿԳԲ-ն սրտում է և մտքում։
Չեմ ուզում, որ կաթողիկոսի անունը հնչի, ես էլ չեմ ուզում, որ դու լինես այս երկրի վարչապետը (և ոչ միայն ես), հրաժարական տուր»,-Ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Ալեքսանյանը։