«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գործադրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գառնի գյուղում գտնվող 0,11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը ՀՀ-ին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք: Միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը ՀՀ-ին, և գույքն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով:

ՏԿԵ նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ նման մի որոշում էլ ընդունվել չզեկուցվող հարցերի փաթեթով: Ըստ այդմ՝ Արարատի մարզի Մասիս համայնի Սայաթ- Նովա գյուղում գտնվող 1,92 հա ընդհանուր մակերեսով հողամասը նույնպես ամրացվում է Պաշտպանության նախարարությանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է գործի նախապատմությունը՝ նշելով, որ գույքը գտնվում է Գառնի համայնքում՝ «Բազալտե երգոհոն», հանրությանը հայտնի «Քարերի սիմֆոնիա», բնության հուշարձանի տարածքում:

«Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն, և ներկայացվել է միջնորդագիր, արդյունքում՝ Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է, և ըստ էության, հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք»,- ասել է գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքին և նշել, որ խոսքը «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերից մեկի մասին է:

«2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Դատախազությունը դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տեղեկացրել, որ նույն թվականի ապրիլի 25-ին ՀԿ-ի կենտրոնական խորհուրը որոշել էր 11 անշարժ գույքեր վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը»,-ասել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում ևս «ԴՕՍՍԱՖ»-ի ևս 7 գույքերի վերաբերյալ որոշումը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ շարունակում են ուսումնասիրություններ նաև ՀԿ-ների կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը. 

«Դրանք տարբեր տեսակի միություններն են: Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուռնալիստների, Նկարիչների, Գրողների միությունները և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր: Իրականում մենք նրանց աշխատանքի մասով որևէ միջամտություն և խնդիրներ չենք ստեղծում: Մենք ընդամենը թույլ չենք տալիս, որպեսզի այդ օտարումների շղթան շարունակվի: Բարեբախտաբար, մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել: Համեմատաբար վատ վիճակում է Նկարիչների միությունը, մնացածի մասով, կարծես, շատ չենք ուշացել: Այստեղ մենք ընդամենը խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի: Օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց: Ըստ էության, այդ անձանց կողմից գույքը ձեռք է բերվում էժան և հետագայում օտարվում է երրորդ անձանց՝ մի քանի տասնյակ ու հարյուր անգամ թանկ: Մենք այս շղթաններն ենք ուսումնասիրում և այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվեն»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ սպառնալիք կա: Այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Խոսքը ՀՀ-ին և հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման և պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է»:

Leave a Comment