Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ սրբազանի գործով

Շահրամանյանը հարցաքննվել է Բագրատ սրբազանի գործով

4 դեկտեմբերի 2025 – 12:21 AMT

PanARMENIAN.Net – Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Քննչական կոմիտեում հարցաքննության էր հրավիրել՝ վկայի կարգավիճակով, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի և նրա համախոհների գործի շրջանակում։

Հարցաքննությունից առաջ Շահրամանյանն ասել էր, որ տեղյակ չէ, թե ինչու են իրեն նորից Քննչական կանչել, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք տեղյակ չենք՝ ինչ գործով են մեզ կանչել, կներկայանանք, վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի», – ասել է նա։

Հարցաքննությունը շարունակվել է ավելի քան մեկ ժամ։ Դրանից հետո նրա փաստաբանը՝ Ռաֆայել Ջհանգիրյանը հաստատել է՝ հարցաքննությունն իրականում տեղի է ունեցել Բագրատ սրբազանի գործի շրջանակում։ Միաժամանակ, փաստաբանը հիշեցրել է, որ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն է տվել, ուստի չի կարող մանրամասներ հրապարակել։ Նա նշել է միայն, որ հարցաքննությունից հետո Շահրամանյանի վկայի կարգավիճակը չի փոխվել։

«Ի՞նչ կապ ունի Արցախի վերջին նախագահը ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործի հետ, որով մեղադրյալ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա 17 համախոհները: Քննչականն այս գործի մի մասն առանձնացրել ու 4 ամիս առաջ է ուղարկել դատարան, բայց հիմնական գործի նախաքննությունը շարունակվում է, և Շահրամանյանին հենց սրա շրջանակում էլ հարցեր ունեին քննիչները:

Ամիսներ առաջ, երբ իրավապահները հայտարարեցին ենթադրյալ ահաբեկչության փորձի բացահայտման մասին և հրապարակեցին տարբեր լուսանկարներ, այս թվում՝ իրենց բնորոշմամբ՝ իշխանության զավթման պլանը, այնտեղ կային տարբեր գործիչների անուններ: Շահրամանյանի անունն այդ ցանկում չկար:

Անցած տարի իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ու ամիսներ առաջ ճաղերի հետևում հայտնված բարձրաստիճան հոգևականն Արցախի վերջին նախագահի հետ հրապարակային շփում ունեցել էր իր պայքարի օրերին: Բագրատ սրբազանն իր ավտոմեքենան նվիրել էր Սամվել Շահրամանյանին: Քննչական կոմիտեն այդ ժամանակ Արցախի վերջին նախագահի ծառայողական մեքենան առգրավել էր քրեական գործի շրջանակում: Այն առնչվում է Արցախի հայաթափման ժամանակ Հայաստան բերված պետական գույքը սեփականացնելուն»,–ասվում է հրապարակման մեջ։

Սամվել Շահրամանյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս տարվա ընթացքում նա արդեն մի քանի անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է տարբեր քրեական գործերով։ Ամռանը ևս նա հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ մեկ այլ վարույթի շրջանակում։ Այդ ամենից առաջ էլ Շահրամանյանը վեց տարբեր դեպքերում հարցաքննության է ենթարկվել։

Նա քննության առարկա է դարձել նաև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության ընթացքում պաշտոնեական անփութության և զինամթերքի հանձնումը հակառակորդին վերաբերող գործով։ Այդ վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։

Leave a Comment