ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի օրը Մայամիում կհանդիպի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, հաստատել է Սպիտակ տունը, գրում է BBC-ին։
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում գրեթե 5 ժամ տևած Ուիթքով-Պուտին բանակցությունները, որոնց մասնակցել է նաև իր փեսան՝ Ջարեդ Քուշները, «բավականաչափ լավ» են անցել։ Նա հավելել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ կլինի, քանի որ «տանգոն պարում են երկուսով»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբհիան ասել է, որ Ռուսաստանը պետք է «դադարեցնի արյունահեղությունը» և մեղադրել է Պուտինին «աշխարհի ժամանակը վատնելու» մեջ։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ուիթքոֆը և Քուշները հավատում են, որ Պուտինն իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը, Թրամփը պատասխանել է. «[Պուտինը] կցանկանար դադարեցնել պատերազմը։ Դա նրանց տպավորությունն էր»։
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողների միջև հանդիպումը տեղի կունենա «առաջիկա օրերին»։
X-ի իր հայտարարության մեջ Զելենսկին ասել է. «Այս պահին աշխարհը հստակ զգում է, որ կա պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն»։
Նա հավելել է, որ բանակցությունները պետք է «հիմնվեն Ռուսաստանի վրա ճնշման վրա»։
Կրեմլում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները հաջորդել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հետ մի քանի օր տևած հանդիպումներին։
«ԱՄՆ առաջարկներից մի քանիսն ընդունելի են թվում, չնայած դրանք պետք է ավելի մանրամասն քննարկվեն»,-ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Մոսկվայի և Կիևի միջև դեռևս կա առնվազն երկու վիճելի կետ՝ կապված ռուսական ուժերի կողմից գրավված ուկրաինական տարածքների ճակատագրի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։