Միրզոյանը հայտնել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման «աննախադեպ տեմպերի» մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վստահություն և կապեր կառուցել երկու երկրների հասարակությունների միջև։

Նա նաև հայտարարել է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման «աննախադեպ տեմպերի» մասին։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումում ելույթ ունենալով՝ Միրզոյանը նշել է, որ խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայություն չէ, այլ երկխոսություն և համբերություն վստահության կառուցման գործում։

«Այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք չեն կարող ստեղծել պայմանագրերը», – հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել։ Սակայն նրանց լիազորություններն այստեղ ավարտվում են, իսկ մնացածը՝ իրական երկխոսությունն ու հաշտեցումը,քաղհասարակության ձեռքերում է։ Այս առումով նա նշել է վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունները Երևանում և Բաքվում։

Մեկնաբանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները՝ Միրզոյանը նշել է, որ դրանք զարգացել են «աննախադեպ տեմպերով»։

Այս առումով հիմնական նվաճումների շարքում նա նշել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և դրա շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ աշխատանքը, Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին առաջին օգնության փաթեթի տրամադրումը, անվտանգության ոլորտում համագործակցությունը և «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունումը։

Միրզոյանը նաև նշել է դեկտեմբերի 2-ին Երևանի և Բրյուսելի կողմից ռազմավարական գործընկերության օրակարգի ընդունումը։

Leave a Comment