Ծառուկյանը պետք է զայրացած լինի Գեյջի — Պիմբլետ մենամարտի պատճառով. ​Էդի Ալվարես

UFC-ի և Bellator-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է UFC 324-ի շրջանակում (հունվարի 24) թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար նշանակված Ջասթին Գեյջի — Փեդի Փիմբլեթ մենամարտը։

Ալվարեսը նշել է, որ չնայած պրոմոուշենի՝ Փիմբլեթին առաջ մղելու ցանկությանը, Գեյջին հաղթելու մեծ շանսեր ունի։

​«Կարծում եմ՝ Ջասթին Գեյջին արժանի է այն ամենին, ինչ ստանում է։ Նայեք այն մարտիկների ցանկին, որոնց դեմ նա մենամարտել է՝ առանց աչք թարթելու։

Բառացիորեն բոլորը աստղեր են։ Անկախ ռեկորդից, ինչպե՞ս կարող եք այդ տղային ասել, որ նա որևէ բանի արժանի չէ», — ասել է Ալվարեսը MMA Junkie-ին:

Ալվարեսը խոստովանել է, որ զուտ մարզական տեսանկյունից Ծառուկյանը պետք է դժգոհ լինի, սակայն հիշեցրել է, որ UFC-ն առաջին հերթին բիզնես է․

​«Արմանը պետք է զայրացած լինի այս մենամարտի պատճառով։ Կարծում եմ՝ նա ուղղակի խելագարվում է, բայց UFC-ն առաջին հերթին ժամանցային ընկերություն է, և միայն երկրորդ հերթին՝ սպորտ»:

​Ըստ Ալվարեսի՝ Փիմբլեթն իր հայտնիությամբ UFC-ի «համակարգի» ընտրությունն է, բայց Գեյջին ի վիճակի է կոտրել այդ համակարգը․

​«UFC-ն, իհարկե, կցանկանա, որ Փեդին հաղթի, իսկ «մեքենայի» դեմ խաղադրույք կատարելը դժվար է։ Բայց կարծում եմ՝ եթե կա մեկը, ով կարող է հաղթել այդ «մեքենային», դա Ջասթին Գեյջին է։ Նա չափազանց անկանխատեսելի է»:

Leave a Comment