Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի փոխել իր միտքը և հասկանալ, որ «ելք չկա», — չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում, պատասխանելով DW-ի հարցին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա ասել է, որ Մոսկվային Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության մեջ համոզելու ամերիկյան հերթական փորձից հետո Կիևի գործընկերներն ու դաշնակիցները պետք է շարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Սա նշանակում է զենքի մատակարարումների շարունակություն, տնտեսական ճնշման շարունակություն և, հետևաբար, նախագահի մտածելակերպի փոփոխություն։ Նա պետք է հասկանա, որ ելք չկա, որ, ի վերջո, ստիպված կլինի փոխզիջման գնալ՝ հուսով եմ՝ հիմա, թե մոտ ապագայում»,-ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։
Ըստ նրա՝ հայտնի չէ, թե արդյոք խաղաղության գործընթացը, ի վերջո, կհանգեցնի հաջող արդյունքի։
«Մենք բոլորս աղոթում ենք դրա համար»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա կարծիքով՝ հաջողությունը նշանակում է, որ Ուկրաինան կշարունակի զարգանալ որպես ինքնիշխան պետություն, կկարողանա պաշտպանվել սեփական զինված ուժերով և կստանա հուսալի անվտանգության երաշխիքներ՝ Մինսկի համաձայնագրերի կրկնությունից խուսափելու համար։