3 դեկտեմբերի 2025 – 18:43 AMT
PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ սրբազանի մասնակցությունը տեսանյութում, հայտնում է Auroranews.am-ը։
«Որոշ լրատվամիջոցներ վերցրել են փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատեց՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի:
Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- հայտնել են գերատեսչությունից։
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ էլեկտրոնային փոստի միջոցով Քննչական կոմիտեից ստացել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։
Ըստ նրա՝ «այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը»։