Փաշինյանի անունից «Աղոթքի նախաճաշ»-ին մատուցված ընթրիքի ծախսերը՝ պետական գաղտնիք է․ միջոցառման կազմակերպիչը Աննա Հակոբյանի՝ դատական գործերով անցնող գործընկերն է. Factor.am

Որքա՞ն գումար է ծախսվել պետական բյուջեից նոյեմբերի 14-15-ին Երևանում «Աղոթքի նախաճաշ» կազմակերպելու համար։ Պարզվում է՝ այս հարցի պատասխանը պետական գաղտնիք է։

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանի վարչապետի աշխատակազմից։ Միաժամանակ, գերատեսչությունից տեղեկացրել են, որ «Աղոթքի նախաճաշ»-ը կազմակերպել է «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ն։ Պատասխանում նշված է, որ վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է միայն «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցների համար տրվող գալա ընթրիքը, որի ծախսերն էլ աշխատակազմը, պետական գաղտնիքի հիմնավորմամբ, չի տրամադրում։

«Աղոթքի նախաճաշ»-ը առաջին անգամ անցկացվել է 1953 թվականին՝ Վաշինգտոնում։ Այն նախաձեռնեցին կոնգրեսականները՝ նպատակով ստեղծել ոչ պաշտոնական ու ոչ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական, բիզնես և կրոնական առաջնորդները կարողանան քննարկել արժեքներին առնչվող թեմաներ։ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ-ում կայացած «Աղոթքի նախաճաշ»-ին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի քանի ամիս անց համանման միջոցառում կազմակերպվեց ՀՀ-ում։

Երևանում անցկացված «Աղոթքի նախաճաշ»-ը փակ միջոցառում էր, լրագրողները լուսաբանելու հնարավորություն չունեին։ Միակ աղբյուրը վարչապետի աշխատակազմի հրապարակած տեղեկություններ են։ Պաշտոնական լրատվությունից հայտնի է դառնում, որ ելույթով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։ Ներկաների թվում են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը, ԱԺ մարդու իրավունքերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը։ Անդրադառնալով «Աղոթքի նախաճաշ»-ը Երևանում կազմակերպած «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ին՝ նշենք մեկ ուշագրավ փաստ։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ՀԿ-ն հիմնադրվել է «Աղոթքի նախաճաշ»-ի կազմակերպումից ընդամենը երկու ամիս առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին։ ՀԿ-ի կանոնադրությունից տեղեկանում ենք, որ այն յուրաքանչյուր տարի ՀՀ-ում կազմակերպելու է «Աղոթքի նախաճաշ»։

Leave a Comment