3 դեկտեմբերի 2025 – 12:23 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանը։
30հոգի՝ դասախոսներ և վարչական աշխատողներ, դիմել են դեռևս գործող տնօրեն Կարեն Լազարյանին՝ աշխատանքից ազատվելու պահանջով: Այնուհետև նրանց թիվն ավելացել է 3–ով։
«Լազարյանի ազատման հրամանում որևէ հիմք՝ գործող օրենքներից բխող, չի նշվում։ Վկայակոչվում է սոսկ «ՊՈԱԿ–ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետը, որը սահմանում է՝ «առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր»։ Թե ինչ օրենքների և ինչ հիմքերի ու այլ հիմքերի մասին է խոսքը՝ ոչ մի բառ»,–գրում է «Սյունյաց երկիրը»։
Գորիսի պետական քոլեջի դասախոսական և վարչական աշխատողների ընդհանուր ժողով է տեղի ունեցել։
«Ժողովի մասնակիցներն արձանագրել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ տեղական երկու իշխանավորի անձնական պատվերովու նրանց անձնական շահերից ելնելով, ամիսներ շարունակ փորձում են աշխատանքից ազատել Կարեն Լազարյանին, բայց չեն կարողանում՝ օրինական հիմքեր չգտնելու պատճառով: Ուստի և նախընտրել են հերթական անգամ ՀՀ օրենքները շրջանցելու անբարո ճանապարհը:
Ժողովականները նշել են նաև, որ ԿԳՄՍ նախարարն ու նրա տեղակալը դիտավորությամբ են կազմաքանդում հանրապետության ամենակայացած և ամենահամբավավոր երկու կրթօջախը՝ «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ․ Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական պետական քոլեջը»՝ այդկերպ ոչ միայն վնասելով միջին մասնագիտական կայացած կրթական համակարգին, այլև թուլացնելով սահմանապահ դարձած Գորիսի տարածաշրջանի դիմադրողականությունը»,–ասվում է հրապարակման մեջ։
Կարեն Լազարյանը պարզաբանել է․ «Կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի որոշումը՝ Գորիսի երկու քոլեջը միաձուլելու մասին, կարելի էր և հնարավոր էր սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը կատարել, այն էլ՝ առանց աղմուկ–աղաղակի։ Բայց նախարարը դիտավորությամբ խոչընդոտեց կառավարության որոշման կատարմանը։ Միայն հետո պարզվեց, որ պատվիրատուները ստեղծվող քոլեջի տնօրենի թեկնածու չեն կարողանում ներկայացնել՝ իրենց անձնական–ընտանեկան շահերից բխող։
Ես քանիցս՝ նախարարությանը հղած գրություններով խնդրել–առաջարկել եմ՝ օրինական ճանապարհով միաձուլման գործընթացն առաջ տանել և մեզ ազատել Ժաննայի ու Արաքսիայի ենթակայությամբ աշխատելու հեքիաթային անեծքից։ Սակայն՝ ոչ մի քայլ, իսկ նախարարը չի համարձակվել սեփական հայեցողությամբ տնօրեն նշանակել։ Եվ երբ հոկտեմբերի սկզբին պատվիրատուները ներկայացրել են իրենց հաճո թեկնածուին՝ նախարարը նշանակման հրաման է տվել, թեև նշանակված տնօրենը 60 օր շարունակ անհայտության մեջ է ու մեկ րոպե անգամ աշխատանքի չի ներկայացել։ Հիմա էլ նախարարը փորձում է արդարանալ, թե ինչո՞ւ չի կատարել կառավարության որոշումը, թե ինչո՞ւ է՝ իր անգործությամբ Գորիսի տարածաշրջանում ստեղծել լարվածության մթնոլորտ և հակակրանք՝ կառավարության հանդեպ»։