2 դեկտեմբերի 2025 – 14:42 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
«Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։