1 դեկտեմբերի 2025 – 16:54 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի և EU Today-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին, պատասխանել է նաև պատժամիջոցների մասին հարցին։
Նա Բաքվի հասցեին հնչեցրած մեղադրանքներն ուղղել է դեպի ՀՀ՝ ասելով, թե այդ Երևանն է կտրուկ ավելացրել առևտուրը ՌԴ հետ։
«Հայաստանի առևտրաշրջանառությունը ՌԴ հետ զգալիորեն աճել է, ընդ որում վերարտահանման, ոչ թե նոր արդյունաբերության շնորհիվ՝ Հայաստանը չի կարող Mercedes, Apple կամ Samsung արտադրել»,–ասել է Հաջիևը, գրում է Minval.az-ը։
Նա մերժել է այն ենթադրությունները, թե Ադրբեջանը մասնակցում է ՌԴ դեմ արևմտյան սահմանափակումների շրջանցմանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։