AZAL-ի օդանավի խոցման հետ կապված Բաքուն Մոսկվային 4 պահանջ է ներկայացրել․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական AZAL-ի օդանավի խոցումից հետո առաջացել են որոշակի հույզեր և թյուրըմբռնումներ, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում ղեկավարության մակարդակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը նշել է, որ Բաքուն Մոսկվայից պահանջել է չորս բան՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորների պատասխանատվություն և փոխհատուցում։

«Երբ այս հարցերը լուծվեն, մենք կփակենք այս թյուրըմբռնման էջը և կշարունակենք երկու երկրների միջև նորմալ, բարիդրացիական հարաբերությունները»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին՝ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «չի ներգրավվի դրանում»։

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ չի ներգրավվել և չի ներգրավվի այս հակամարտության որևէ ռազմական բաղադրիչում»,- ասել է նա։

Միաժամանակ, Ալիևի օգնականն ընդգծել է, որ Բաքուն Կիևին տրամադրել է ավելի քան 40 միլիոն դոլարի օգնություն և «շարունակում է ուկրաինացի երեխաների համար նախատեսված վերականգնողական ծրագիրը»։

Նա մերժել է այն ենթադրությունները, որ Ադրբեջանն օգտագործվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի միջոցները շրջանցելու համար: Նա ասել է, թե Բաքուն, իբր, «շատ ուշադիր հետևում է պատժամիջոցների իրավիճակին» և պնդել, թե առևտրային տվյալները ցույց չեն տալիս Մոսկվայի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճ 2022 թվականից հետո:

Միաժամանակ, Հաջիևը խոսել է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի մասին՝ նշելով, թե ծավալների աճ է արձանագրվել, և այն բնութագրել որպես վերարտահանում, այլ ոչ թե նոր արդյունաբերական արտադրանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment