1 դեկտեմբերի 2025 – 16:59 AMT
PanARMENIAN.Net – Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է, որ կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին` քննարկվել են ՀՀ-Իրաք զբոսաշրջային կապերի խթանման ուղիները։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում ընթացիկ ծրագրերը և քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերին և ժամանակացույցին։ Քննարկվել է նաև Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացման և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
Կողմերը շեշտել են զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի ամրապնդման կարևորությունը, այդ թվում՝ առցանց ձևաչափով հանդիպումների կազմակերպման միջոցով՝ պետական և մասնավոր կառույցների ներգրավմամբ, ինչպես նաև երկու երկրների փոխադարձ ներկայացման միջոցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք ընդգծվել է համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։