Անցած հանգստյան օրերին ձնաբուքերի պատճառով Միացյալ Նահանգներում մոտ 3 հազար ավիաչվերթ է չեղարկվել։ Այս մասին են վկայում FlightAware մասնագիտացված պորտալի տվյալները։
Միևնույն ժամանակ, ավելի քան 21,000 չվերթ է հետաձգվել։ Ամենաշատ չվերթերի ուշացումներ և չեղարկումներ գրանցվել են Բոստոնի (Մասաչուսեթս), Դետրոյթի (Միչիգան), Մինեապոլիսի (Մինեսոտա), Նյու Յորքի (Նյու Յորք) և Չիկագոյի (Իլինոյս) օդանավակայաններում։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ուժեղ ձնաբուքերը հիմնականում տեղացել են Միջին Արևմուտքի նահանգներում։ Որոշ վայրերում դիտվել է ռեկորդային քանակությամբ տեղումներ։ Մասնավորապես, նոյեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Չիկագոյի օդանավակայանի շրջակայքում տեղացել է 21 սմ ձյուն, ինչով գերազանցվել է 1951 թվականի ռեկորդը (20 սմ)։ Երկուշաբթի-երեքշաբթի օրերին ուժեղ ձնաբուքեր են սպասվում ԱՄՆ-ի Ատլանտյան ափի նահանգներում։