Երևանի քաղաքապետարանը երկու տարի շարունակ իրականացնում է օդի որակի չափումներ, իսկ 2024 թվականից խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրվել են հատուկ սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի GIS համակարգին:
Այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, նշելով, որ 175 սարքից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ Երևանի օդի որակը սկսում է վատթարանալ նոյեմբերի կեսերից ու բարելավվում է միայն մարտի կեսերին:
«Դա ցավալի է, քանի որ այս երևույթը կապված է մի շարք բարդ գործոնների հետ, հիմնականում՝ մեր աշխարհագրական դիրքի և այս ժամանակահատվածում եղանակային պայմանների, մասնավորապես՝ օդի ինվերսիայի հետ: Այդ օդը, որը գալիս է մեր տարածաշրջան, շատ երկար ժամանակ մնում է այստեղ»,- ասել է քաղաքապետը:
Ըստ Ավինյանի՝ այս խնդիրը երկարաժամկետ լուծելու համար անհրաժեշտ է մեծ ներդրումներ՝ հարյուրավոր հեկտարների չափով նոր անտառածածկ տարածքների ստեղծման մեջ, որոնք կարող են հանգեցնել միջավայրի բարելավման: «Կարճաժամկետ լուծման մասին խոսելիս, կարող ենք նշել 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք կարող ենք նախօրոք տեղեկացնել և այդ օրերին էական վարչարարական աշխատանքներ իրականացնել, ինչն, ըստ հաշվարկների, կարող է 45-60 օր ազդեցություն ունենալ»,- ընդգծել է նա:
Քաղաքապետը նաև հավելել է, որ կառուցապատողներին անհրաժեշտ կլինի տեղադրել փոշու ճնշիչ սարքեր, որոնց մասին որոշումը կհաստատվի դեկտեմբերին։ Այդ սարքերը, ինչպես նաև պաշտպանիչ ցանցերը, կդառնան պարտադիր պահանջներ: