Ակնարկներ եղել են որոշակի գործողությունների. Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել է

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր ասուլիսին հաստատեց, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, որոնց անունները չնշեց:

«Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավերն հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել:

Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչության հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից», – ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց Արշակ սրբազանը:

Վերջինիս ԱԱԾ հրավիրելու մասին լուրերը տարածվել էին 2024-ի գարնանը:

Նա նշեց, որ ներկայումս էլ մնում է այդ դիրքորոշմանը:

Արքեպիսկոպոսը հերքեց նաև իրենց առնչվող վերագրումները՝ տեսանյութը կեղծիք որակելով:

«Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ», – նշեց նա:

Համացանցում անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ: ՔԿ-ն հաստատել էր, որ տեսագրությունում պատկերվածն Արշակ արքեպիսկոպոսն է:

Leave a Comment