1 դեկտեմբերի 2025 – 10:40 AMT
PanARMENIAN.Net – Հռոմի պապ Լեոն 14-րդը Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ողջույն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի հայ առաքելական համայնքին:
Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել դարերի ընթացքում հայ ժողովրդի «խիզախ քրիստոնեական վկայության» համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետը նշել է, որ այն պահպանվել է նույնիսկ պատմության ամենաողբերգական շրջաններում, հայտնում է Sputnik Արմենիան։
Լեոն 14-րդը մատնանշել է Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների միջև աճող եղբայրական կապերը՝ հիշեցնելով 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ պապի և Վազգեն Ա Կաթողիկոսի միջև ստորագրված առաջին համատեղ հռչակագիրը:
Պոնտիֆիկոսը նաև հույս ունի, որ Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնաժողովը շուտով կվերսկսի իր աշխատանքը: Նա հիշատակել է 12-րդ դարի հայ կաթողիկոս Սուրբ Ներսես Դ Շնորհալու դերը, որն իր կյանքը նվիրել էր քրիստոնեական եկեղեցիների հաշտեցման գործին։
Պոլսո Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որը մատուցում էր պատարագը ասել է, որ Հռոմի պապի ներկայությունը հայկական եկեղեցում ոչ միայն պատիվ է, այլև օրհնություն համայնքի, Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հանուն քրիստոնյաների միասնության:
Լեոն 14-րդը չորրորդ պապն է, որ այցելել է Թուրքիայի հայկական տաճար, և հինգերորդ պապը, որը հանդիպել է հայ քրիստոնեական համայնքի հետ:
Հայկական տաճարը գտնվում է Ստամբուլի Գում Գաբու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան)։ Լևոն 14-րդը պատրիարքական այցը Թուրքիա կայացել է նոյեմբերի 27-30-ը։ Այցի ընթացքում պապը հանդիպել է Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս Ա Պատրիարքի հետ: Ստորագրվել է համատեղ հռչակագիր: Այս այցից հետո պապը կմեկնի Լիբանան։