Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, 40 մարդ անհետ կորած է համարվում

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի։ Զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ այրված շենքերում աշխատանքները շարունակվում են, և ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Նախկինում հաղորդվել էր մոտ 130 մարդու մահվան մասին, սակայն փրկարարները շարունակում են մարմիններ գտնել վնասված բարձրահարկ շենքերի աստիճաններին և տանիքներին։

Չորեքշաբթի օրը Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված հրդեհի ժամանակ բոցը արագորեն կլանել է ութ շենքերից յոթը։

Շաբաթ օրը Հոնկոնգում հայտարարվեց եռօրյա սուգ, կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվեցին հրդեհի վայր՝ զոհերի հիշատակը հարգելու համար։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննությունը կարող է տևել մինչև չորս շաբաթ։

Հրդեհի պահին բնակելի համալիրում վերանորոգման աշխատանքներ են ընթացել և շենքը պատված է եղել բամբուկե կառույցներով և պաշտպանիչ ցանցերով։

Հրդեհը լիովին մարվել էր միայն ուրբաթ առավոտյան՝ մոտ 40 ժամ անց։ Աշխատանքին մասնակցել է ավելի քան 2000 հրշեջ։

Leave a Comment