Իրանը փորձում է շրջանցել պատժամիջոցները․ իրանագետ

Իրանը փորձում է շրջանցել պատժամիջոցները․ իրանագետ

ԱՄՆ-ը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 առևտրային ավիաընկերությունների և դրանց գործունեությանը նպաստող երրորդ երկրների կազմակերպությունների նկատմամբ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը։

-Ինչպե՞ս կարող են այս պատժամիջոցներն ազդել Իրանի տնտեսության և հատկապես ավիացիոն ոլորտի վրա։

-Իրականում, եթե ընդհանուր առմամբ խոսենք, Իրանի տնտեսության վրա ազդող պատժամիջոցները բավականին շատ են: Այս տարիների ընթացքում ԵՄ-ն բավականին լուրջ պատժամիջոցների փաթեթներ էր կիրառում Իրանի դեմ, ինչպես նաև գործում էին Թրամփի պատժամիջոցները: Այսինքն՝ Իրանի տնտեսական վիճակը, և՛ պատերազմը, և՛ այս պատժամիջոցները հաշվի առնելով, բավականին դժվար իրավիճակում է: Բայց խոսել ինչ-որ կործանման մասին, որն Իրանում կհանգեցնի իշխանափոխության կամ տնտեսության կոլապսի և այլնի, բարդ է, որովհետև շատ են պատժամիջոցները, և այս երրորդ երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դժվարեցնելու են Իրանի համագործակցությունը որոշ երկրների հետ: Օրինակ՝ եթե Չինաստանի կամ այլ երկրների դեպքում սկսեն գործել, դա հարված կլինի նաև Իրանի տնտեսությանը: Բայց խոսել շատ մեծ հարվածի մասին բավականին դժվար է, որովհետև, նախ, իրանցիներն արդեն երկար տարիներ ստանում են այդ մեծ հարվածները պատժամիջոցների տեսքով և դեռևս կարողանում են պահպանել իրենց տնտեսությունը: Նաև պատերազմական իրավիճակից ելնելով՝ Իրանն իր հակաքայլերի գործիքակազմն է կիրառելու. հավանաբար դրանք են Հորմուզի նեղուցը, հութիների ներգրավվածությունը և այլն: Իրականում ազդեցություն կունենա, բայց չեմ կարծում այնքան, որ Իրանին ծնկերի իջեցնի կամ տնտեսական կոլապսի հասցնի, որովհետև, նախ, իրենք էլ հաղորդակցության միջոցներ կկարողանան գտնել՝ ցամաքային, ծովային և այլն։

-Արդեն գիտենք, որ դեպի Բաքու թռիչքները սահմանափակվել են, սրանից առաջ էլ՝ դեպի Վրաստան։ Այս պատժամիջոցն ինչքանո՞վ կազդի Հայաստանի վրա, և սրանից ո՞ր ոլորտները կարող են տուժել։

-Բարդ է ասել, քանի որ պիտի տեսնենք այդ պատժամիջոցներն արդեն կիրառության մեջ: Արդյո՞ք ինչ-որ բան կսահմանափակվի դեպի Հայաստան, թե՞ չէ: Բաքվի և Իրանի հարաբերությունների վատթարացման մասին գիտենք ամիսներ շարունակ, և նույնիսկ վերջին պատերազմի ընթացքում տեսանք այդ լարվածության դրսևորումները, Նախիջևանի վրա հարվածները և այլն: Սա նաև քաղաքական ժեստ կարող է լինել Բաքվի կողմից: Վրաստանի պարագայում նույնպես՝ որոշակիորեն, բայց, մի կողմից էլ, Վրաստանն ինքը ցամաքային կամ առևտրատնտեսական հարաբերությունները Իրանի հետ վերջնականապես չի դադարեցնում: Հայաստանի պարագայում, քանի որ մենք ունենք ընդհանուր սահման Իրանի հետ, այդ սահմանը գործում է: Դեռ չունենք թռիչքների գործունեության մասին հստակ տեղեկություն և չեմ կարծում՝ մեծ հարված հասցնի, որովհետև մենք ցամաքային սահմանով, այնուամենայնիվ, կարող ենք գործունեությունը շարունակել։

-Այս պահին չկա տեղեկատվություն դեպի Հայաստան թռիչքների չեղարկման մասին։ Հաշվի առնելով հայ-իրանական ջերմ հարաբերությունները՝ ի՞նչ կսպասվի Հայաստանին։ Կարո՞ղ ենք խուսափել սրանից, թե՞ խոսքը պատժամիջոցների մասին է, որոնցից խուսափելն անհնար է։

-Իրականում կարող ենք խուսափել և խուսափում ենք, որովհետև Իրանը երկար տարիներ գտնվում է պատժամիջոցների տակ, իսկ Հայաստանը մշտապես, սկսած մեր անկախության շրջանից, լավ տնտեսական համագործակցություն ունի Իրանի հետ: Եվ նույնիսկ որոշ պարագաներում Միացյալ Նահանգներն էլ է դրա վրա աչք փակում, որովհետև մենք ունենք փակ սահմաններ, ոչ այնքան բարյացակամ հարևաններ և այլն: Նաև այս իրավիճակում դիվանագիտական համապատասխան աշխատանքի պարագայում չեմ կարծում՝ շատ մեծ պահանջ դրվի Հայաստանի նկատմամբ: Բայց նաև ցամաքային սահմանը հստակ կարելի է օգտագործել, որովհետև չեմ կարծում, թե մեր առևտրատնտեսական կապն Իրանի հետ օդային սահմանով որևէ լուրջ թվերի է հասնում կամ կարող է հասնել: Ուղևորափոխադրումներն են նաև զբոսաշրջային, որոնք չեմ կարծում՝ մտնում են պատժամիջոցների մեջ, որովհետև նշեցիք, որ առևտրատնտեսական չվերթներն են:

-Եվ ընդհանրապես, Իրանն այս պատժամիջոցներին այլընտրանք ունի՞ արդյոք, քանի որ երբ նայում ենք պաշտոնական հայտարարություններին, դրանք բավականին մեղմացել են։

-Իրանը գրեթե մշտապես փորձում է խուսափել պատժամիջոցներից, շրջանցել դրանք, բայց բարդ է ասել, թե ինչքան է կիրառվելու կամ ինչ կերպ, որովհետև և՛ Թրամփն է անկանխատեսելի, և՛ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցային գործընթացը: Պետք է սպասենք դեպքերի զարգացմանը կամ սրացմանը, եթե լինեն նմանատիպ սրացումներ: Այսինքն՝ այս փուլում սա, երևի թե, ավելի ճնշման գործիքակազմ է Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ինչ-որ զիջումներ ստանալու համար։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment