Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների ֆոնին սեպտեմբերի 24-ի կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց շուրջ 4,6 միլիարդ դրամի պետական աջակցություն հատկացնել գյուղմթերք արտահանողներին։
Չնայած արտահանման ընդհանուր ծավալների աննշան՝ 5 տոկոսանոց նվազմանը, Հայաստանը վերաուղղորդում է իր գյուղատնտեսական արտադրանքը դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Ասիա՝ փորձելով նվազեցնել կախվածությունը ավանդական դարձած շուկաներից և խթանելով տեղական մթերումների աճը։
Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանվել է 943 միլիոն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 990 միլիոնի դիմաց։ Հաշվի առնելով հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ճանապարհին առկա սահմանափակումները՝ նախարարն այս ցուցանիշը դրական է գնահատում։
Նա ընդգծել է, որ արտահանման անկում գրանցվել է բացառապես մեկ ուղղությամբ. «Միակ ուղղությունը, որտեղ ունենք հայկական ծագման արտադրանքի էական անկում, Եվրասիական տնտեսական միության շուկան է (պայմնավաորված հիմնականում Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի կիրառած առևտրային սահմանափակումներով): Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է»։
Մասնավորապես, դեպի ԱՄԷ արտահանումն աճել է մոտ 45 տոկոսով, դեպի Եվրամիություն՝ 70 տոկոսով, իսկ հնդկական շուկայում արձանագրվել է կրկնակի աճ։ Պետական սուբսիդավորման շնորհիվ արտաքին շուկաներ են հասել հազարավոր տոննա լոլիկ, պղպեղ, դեղձ, ինչպես նաև միլիոնավոր լիտր գինի և կոնյակ։
Որպեսզի արտաքին շուկաներում հայկական արտադրանքի հեղինակությունը բարձր մնա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանին իրականացնում է որակի գերխիստ վերահսկողություն:
Արձագանքելով զեկույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ծավալների տատանումները հաճախ կապված են ոչ միայն շուկայական սահմանափակումների, այլև կլիմայական պայմանների և բերքատվության հետ։
Ըստ այդմ նախարար Պապոյանը բերեց ծիրանի օրինակը, որի արտահանումը նախորդ տարվա 40 հազար տոննայից այս տարի հասել է 13 հազար տոննայի։ «Ինչքան ծիրան եղել է, այդքան արտահանել ենք: Եթե լիներ, օրինակ, 30 հազար տոննա ծիրան, իմ կարծիքով 30-ն էլ ամենայն հավանականությամբ կարտահանվեր»,- փաստեց նա։
Փոխվարչապետը միաժամանակ հորդորեց կառավարության գործընկերներին ռազմավարական վերլուծության ենթարկել ոլորտը՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն ծավալային, այլև գնային սիմետրիային: Ըստ նրա՝ պետական աջակցությունը չպետք է լինի մեխանիկական սուբսիդիա, որը խթանում է ոչ մրցունակ ապրանքների արտահանումը, այլ պետք է ինստիտուցիոնալ հենք ստեղծի տեղական մթերման համար:
Նպատակն է ստանալ այնպիսի բարձրորակ ապրանք, որի նկատմամբ արհեստական սահմանափակումները միջազգային շուկաներում ուղղակի սպառողական դժգոհություն կառաջացնեն։ Կառավարության անդամները վստահեցրին, որ գյուղատնտեսական մթերումների պրոցեսը, մասնավորապես դեղձի և մեկնարկող խաղողի սեզոնի մասով, ընթանում է անխափան և ապահովում է հայկական ագրոարդյունաբերության կայուն մրցունակությունը։