երաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով դատախազի վերաքննիչ բողոքը և քրեական գործն ուղարկել առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Որոշումը կայացվել է սեպտեմբերի 22-ին։ Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Ալեքսանյանն արդարացվել էր պետական դավաճանության մեղադրանքով, իսկ նրան վերագրվող արարքը վերաորակվել էր որպես պաշտոնեական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահել։
Ալեքսանյանի պաշտպանությունը մտադիր է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, հայտարարել է նրա պաշտպանական թիմի անդամ Զորայր Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանությունն այս պահին որևէ հիմք չունի կասկածի տակ դնելու առաջին ատյանի դատարանի՝ ավելի քան 300 էջից բաղկացած դատավճռի պատճառաբանվածությունը, ինչպես նաև այն կայացրած դատավորի մասնագիտական որակներն ու իրավական վերլուծության կարողությունները։
Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ նույնիսկ առանց Վերաքննիչ դատարանի որոշմանը ծանոթանալու, պաշտպանական կողմին մտահոգում է այն հանգամանքը, որ «նման բնույթի և ծանրության մեղադրանքով» գործով դատական ակտը կայացվել է գրավոր ընթացակարգով՝ առանց գործի հանգամանքների անմիջական և բանավոր քննության։
«Արդարադատության էությունը միայն դատական ակտ կայացնելը չէ։ Այն ենթադրում է դատարանի կողմից գործի հանգամանքների խորքային ուսումնասիրություն, կողմերի փաստարկների իրական քննարկում և դատական քննության այնպիսի կազմակերպում, որը կերաշխավորի արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրացումը»,- հայտարարել է Հարությունյանը։
Նրա գնահատմամբ՝ նման գործերով գրավոր ընթացակարգի կիրառումը, եթե այն չի ապահովում նշված երաշխիքները, կասկածի տակ է դնում որոշման հիմնավորվածությունը և «խաթարում է արդարադատության բուն էությունը»։
Հարությունյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կվիճարկվի Վճռաբեկ դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանին կասկածում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու մեջ։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել լրտեսության և պետական դավաճության հոդվածներով։ Ալեքսանյանին կալանավորել էին 2025-ին, 2026-ի մարտին արդարացրել, դրանից հետո դատախազությունը բողոք էր ներկայացրել դատարան, և Ալեքսանյանը 2 տարով ազատազրկվել էր։
