Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել


Արտաշատի Դալար գյուղում մոտ 2 ամիս առաջ դեպք է տեղի է ունեցել: NEWSPRESS.am-ի տեղեկություններով` վրաերթի է ենթարկվել տեղի բնակչուհի Սուսաննա Հարությունյանը՝ իր 6-ամյա որդու՝ Գոռի հետ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկողն Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակից է՝ կապիտան Գրիգոր Թադևոսյանը: Բայց նա ոչ թե օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված մորն ու անչափահաս երեխային, այլ պարզապես դիմել է փախուստի:

Դեպքի մանրամասները ճշտելու համար կապ հաստատեցինք Դալարի համայնքապետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Նա սկզբում չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը՝ պատճառաբանելով, թե տեղյակ չէ դեպքի մասին:

Ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:

-Այսինքն, ուզում եք ասել Ձեր գյուղում վրաերթի դեպք է տեղի ունեցել և Դուք տեղյակ չե՞ք:

-Հա, ես տեղյակ  չեմ:

-Իսկ ճանաչո՞ւմ եք այդ ընտանիքին, Սուսաննա Հարությունյանին: 

-Անձամբ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ տենց բնակիչ ունենք:

-Լսե՞լ եք նրա մասին:

-Այո:

-Լավ, իսկ եթե դեպքի մասին տեղյակ չեք եղել, հետո էլ չե՞ք լսել, որ վրաերթ է եղել:

-Էստեղից-էնտեղից  լսել եմ, որ դեպք է եղել, բայց մանրամասները չգիտեմ՝ ով է եղել, ինչն է եղել:

-Իսկ Ձեզ հետաքրքիր չի՞ եղել պարզ, թե ինչ է տեղի ունեցել:

-Հա, հետո ես իմացել եմ, որ երեխան նորմալ է, մայրը դուրս է գրվել. հենց երեկ եմ իմացել իր հորեղբորից, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, ոչ մեկը մյուսի հետ պարտք-պահանջ չունի:

-Այսինքն՝ արդեն նաև գիտեք, ասել ենմ չէ՞, ով է վրաերթի ենթարկել:

-Դե էնա Դուք ասեցիք, ես տենց էլ լսել էի: 

-Սկզբից ասացիք՝ ընդհանրապես տեղյակ չեք, բայց պարզվում է՝ տեղյակ եք դեպքի մասին:

-Դե հետո ասացի, որ էդ ամենը լսել եմ։

-Լավ, ասում եք՝ կողմերը պարտք-պահանջ չունեն միմյանց նկատմամբ:

Այո, այո:

-Դուք ճշտե՞լ եք, Սուսաննա Հարությունյանն իսկապե՞ս պարտք-պահանջ չունի:

-Ես իրավաբան չեմ, որ ճշտեմ, ես գյուղի վարչական ղեկավարն եմ:

-Հասկանում եմ, բայց ասացիք, որ տուժողի բարեկամի հետ եք խոսել, հարցրե՞լ եք՝ իսկապես ամեն ինչ կարգի՞ն է:

-Չէ, չկա, ոչ մի պարտք-պահանջ չունեն:

-Լավ, որպես համայնքի ղեկավար, մի հարց տամ Ձեզ. առհասարակ, ի՞նչ եք կարծում…

-Հիմա ես ինտերվյո՞ւ եմ տալիս, քուրիկ ջան:

-Այո: Ու ի՞նչ եք կարծում, անկախ նրանից պարտք-պահանջ ունեն, թե ոչ, վրաերթի համար մեղավորը պատիժ չպե՞տք է կրի:

-Ինչպիսի՞ պարտք-պահանջի մասին է խոսքը, որ ես տեղյակ չեմ: 

-Անկախ նրանից տուժողը պահանջ ունի, թե ոչ…

-Չէ, ամեն ինչ լավ է, երեխան ապաքինվում է, մայրն էլ դուրս է գրվել: Ես չգիտեմ, ես իրավաբան չեմ ու ոչ էլ դատավոր եմ: Ցտեսություն:

Դեպքի մասին ոստիկանությունում տեղյակ չէին: Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, երբ կա վիրավոր կամ զոհ, Քննչական կոմիտեում անմիջապես նախաձեռնվում է քրեական վարույթ: Այս դեպքում արդեն ամեն ինչ քննիչի ձեռքին է: Եթե ապացուցվի ոստիկանի մեղավորությունը, ապա պետք է մեղադրանք առաջադրվի և կասեցվի նրա գործունեությունը:

Քննչական կոմիտեից մեզ խոստացան ճտել՝ դեպքի առնչությամբ  նախաձեռնե՞լ  է արդյոք քրեական վարույթ, թե՞ ոչ:

Քննչական Կոմիտեի պատասխանը կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment