Ոստիկանությունը երկու «օրենքով գողի» է ձերբակալել – armeniatoday.am

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը ձերբակալել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձի, հայտնել են ՆԳՆ-ից։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները քրեական հեղինակություններ «Օշականցի Գևորիկը» և «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանն են։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է իր դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է նույն կարգավիճակն ունեցող Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի բնակիչը մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց՝ նախկին փեսայից պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ըստ ՆԳՆ-ի՝ այնտեղ նրանք վիճաբանել են նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց հետ, հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել։

Միջադեպից հետո, ըստ ոստիկանության, նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment