«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը»,- լրագրողը հարց ուղղեց Աշխատանքի և բարեկեցության փոխնախարար Լուսինե Քոչարյանին։ «Ես այստեղ էի եկել սոցիալական հարցադրումներին պատասխաններ տալու համար, բայց քննարկումն ավելի շատ քաղաքական էր»,- ի պատասխան ասաց՝ պաշտոնյան։ «Լքելու նպատակը ո՞րն էր, գուցե հրահանգ ստացաք, գուցե sms եկավ կառավարությունից՝ կառավարության ղեկավարի ուղղորդմամբ»,- շարունակեց լրագրողը։ «Ո՛չ, քննարկումն այն ֆորմատով չէր, որը մենք ակնկալում էինք»,- փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպման ժամանակ ՔՊ-ականները և Կառավարության ներկայացուցիչները լքել էին դահլիճը։ «Հանդիպմանն ինչ-որ պաշտոնների անուններ էին հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, երկու կառավարություն, և մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»,- հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը:
***
ՔՊ-ականները լքեցին արցախցիները թեմայով քննարկումը
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթից հետո ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ–ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք եկել էին քննարկելու սոցիալական խնդիրները։
«Այս հանդիպումը կարծես թե դարձել է միջխորհրդարանական հանդիպում, ինչ–որ պաշտոնների անուններ են հնչում, իսկ մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ–ում չի կարող լինել 2 խորհրդարան, 2 կառավարություն, մենք ստիպված լքում ենք այս քննարկումը»,–ասաց նա։
Գեղամ Ստեփանյանն արձագանքեց, թե հույս ունի գոնե օնլայն կհետևեն իրենց քննարկմանը։