Եկեղեցի, հարկ և վստահություն

Եկեղեցի, հարկ և վստահություն
1in.am Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Կառավարությունում պատրաստված զեկույցը դեռ չի հրապարակվել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսել է հնարավոր օրենսդրական փոփոխությունների և Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Բուն TV»-ին տված հարցազրույցում նա եկեղեցում ստեղծված վիճակը բնութագրել է որպես «բռնազավթում» և նշել, որ խնդրի լուծումը կարող է պահանջել նաև օրենքի փոփոխություն։ Դրան զուգահեռ վարչապետը վերջին ամիսներին բարձրացրել է շարքային հոգևորականների աշխատանքի, վարձատրության, առողջապահական ապահովագրության և սոցիալական պաշտպանության հարցերը։ Այսպիսով, իշխանության օրակարգը աստիճանաբար տեղափոխվում է եկեղեցու կառավարման, ֆինանսական հարաբերությունների ու պետական կարգավորման դաշտ։


 


Այս բանավեճի խորքային խնդիրը շատ ավելի լայն է Գարեգին Երկրորդի պաշտոնավարման կամ գործադիր-Մայր Աթոռ ներկա հարաբերությունների շրջանակից։ Խոսքը պետության, եկեղեցու և հասարակության միջև պատասխանատվության, ինքնավարության, հաշվետվողականության և հանրային իրավունքի սահմանների մասին է։ Հայաստանում այդ հարաբերությունները պատմականորեն ձևավորվել են ավանդույթի և քաղաքական պայմանավորվածությունների ազդեցությամբ, իսկ դրանց ժամանակակից իրավական և ինստիտուցիոնալ սահմանները Հայաստանում դեռ ամբողջությամբ չեն հստակեցվել։


 


Հայաստանի Սահմանադրությունը միաժամանակ ամրագրում է երկու կարևոր սկզբունք։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչվում է ազգային մշակույթի, հոգևոր կյանքի և ինքնության պահպանման գործում։ Սահմանադրությունը նաև թույլ է տալիս պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել օրենքով։ Գործող օրենսդրությունը, մյուս կողմից, պետությանը արգելում է միջամտել եկեղեցու օրինական գործունեությանը և ներքին կյանքին։ Այս սահմանագիծն է այսօր դառնում ամբողջ վեճի իրավական կենտրոնը։


 


Հարկային հարցը այստեղ պարզապես եկեղեցու արտոնությունների մասին վեճ չէ։ Այն վերաբերում է ավելի հիմնարար խնդրի՝ ինչ կարգավիճակ պետք է ունենա մի կառույց, որը միաժամանակ կրում է հոգևոր, պատմամշակութային և հանրային առաքելություն, բայց նաև տնօրինում է գույք, ունի աշխատակիցներ, տնտեսական գործունեություն և եկամտային հոսքեր։ Այստեղ կարևոր է պարզ տարանջատումը։ Պաշտամունքային և հանրօգուտ գործունեությունը կարող է օգտվել հատուկ արտոնություններից, իսկ եկամուտ բերող գույքն ու տնտեսական գործունեությունը պետք է ենթարկվեն ընդհանուր հարկային կանոններին։ Հայաստանի գործող կարգավորումները այս տարբերակումը մասամբ արդեն նախատեսում են, սակայն սահմանները դեռ լիովին հստակ չեն։ Խնդիրը հենց այդ սահմանը ճշգրտելն է՝ ինչն է եկեղեցու հատուկ կարգավիճակի ոլորտում, և ինչը պետք է ենթարկվի ընդհանուր հաշվետվողականության ու հարկային կանոնների։


 


Միջազգային փորձը ցույց է տալիս տարբեր լուծումներ։


 


Հունաստանի մոդելը հատկապես հետաքրքիր է քննարկման համար։ Ուղղափառ եկեղեցին ունի պատմական հատուկ դիրք, իսկ պետությունը շարունակում է վճարել մեծ թվով հոգևորականների աշխատավարձերը։ Հունաստանի կրթության և կրոնական հարցերի համակարգում նույնիսկ առանձին պետական կարգավորում կա հոգևորականների հաստիքների և պետական վճարման վերաբերյալ։ Միաժամանակ անշարժ գույքի հարկային արտոնությունը կապված է օգտագործման նպատակի հետ։ Կրոնական կազմակերպության գույքը ազատվում է հարկից, երբ այն օգտագործվում է պաշտամունքի, կրոնական կամ հանրօգուտ գործունեության համար։


 


Բուլղարիայում պետությունը պետական բյուջեից ուղղակի սուբսիդավորում է գրանցված կրոնական համայնքներին։ Օրենքը նախատեսում է գումարների օգտագործում հոգևորականների ու աշխատակիցների աշխատավարձերի, կրթական ծրագրերի և որոշ հանրային ծառայությունների համար։ Պետական ֆինանսավորումն իր հետ բերում է նաև հաշվետվողականության պարտավորություն։ Հանրային միջոցների օգտագործումը պետք է լինի թափանցիկ, նպատակային և վերահսկելի։


 


Գերմանիայում կիրառվում է այլ մոդել։ Պետական հարկային մարմինները եկեղեցու անդամներից գանձում են եկեղեցական հարկը և այն փոխանցում համապատասխան եկեղեցուն։ Բադեն-Վյուրտեմբերգում, օրինակ, այդ հարկը կազմում է եկամտային հարկի 8 տոկոսը, իսկ եկեղեցին պետությանը վճարում է հարկերը հավաքագրելու վարչական ծառայության համար։


 


Իտալիան ընտրել է այլ ճանապարհ։ Եկամտային հարկի ընդհանուր մուտքերի 0.8 տոկոսի բաշխման ժամանակ հարկատուն կարող է ընտրել պետությունը կամ իրավասու կրոնական կառույցներից որևէ մեկը։ Սա լրացուցիչ հարկ չէ։ Քաղաքացին որոշում է արդեն վճարվող հարկի որոշակի բաժինը ուր ուղղել։ Համակարգը եկեղեցու ֆինանսավորումը կապում է նաև հարկատուի ընտրության հետ։


 


Այս մոդելներից որևէ մեկը Հայաստան պարզապես պատճենել հնարավոր չէ։ Սակայն դրանցից բխում է մի ընդհանուր սկզբունք։ Եկեղեցու ինքնավարությունը պետք է համատեղվի ֆինանսական թափանցիկության հետ, իսկ պետական վերահսկողությունը պետք է սահմանափակվի հանրային իրավունքի, հարկային կարգավորման և հաշվետվողականության դաշտով՝ չանցնելով հոգևոր կառավարման սահմանը։


 


Հայաստանի խնդիրը հենց այս սահմանը հստակեցնելն է։


 


Եկեղեցու հոգևոր կյանքը, դավանաբանական հարցերն ու ներքին կազմակերպումը պատկանում են նրա ինքնավարության ոլորտին։ Գույքի տնօրինումը, տնտեսական գործունեությունը, հարկային արտոնությունները և հանրային միջոցների օգտագործումը արդեն մտնում են հանրային իրավունքի ու հաշվետվողականության դաշտ։ Պետական աջակցությունն ու արտոնությունները ենթադրում են նաև թափանցիկության ավելի բարձր պահանջ։ Այդ սկզբունքը նույն կերպ գործում է համալսարանների, բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և հանրային նշանակություն ունեցող այլ կառույցների նկատմամբ։


 


Այս հարցում ամենահամոզիչ նախաձեռնությունը կարող էր ծնվել հենց եկեղեցու ներսում՝ Հայ Առաքելական եկեղեցին կարող էր ինքնակամ հրապարակել համախմբված ֆինանսական հաշվետվություն, բացել իր գույքի և եկամուտների կառուցվածքը, վերանայել հարկային արտոնությունների շրջանակը և ստեղծել հանրային վերահսկողությամբ սոցիալական հիմնադրամ։ Հետպատերազմյան Հայաստանում այդ միջոցների առաջնահերթ հասցեատերերը կարող էին լինել վիրավոր զինծառայողները, զոհվածների ընտանիքները և սահմանամերձ համայնքները։


 


Եկեղեցին կարող էր նաև հայտարարել, որ մոմի վաճառքից և այլ եկամուտներից որոշ բաժին ուղղվում է այդ ծրագրերին։ Այստեղ գումարի չափից ավելի կարևոր կլիներ ուղերձը։ Հասարակությունը կտեսներ, որ եկեղեցին պատրաստ է կիսել իրավիճակի բարդությունը և իր արտոնություններին պատասխանել պատասխանատվությամբ։


 


Նման նախաձեռնությունը կարող էր փոխել ամբողջ քննարկման տրամաբանությունը։ Ֆինանսական թափանցիկությունն ու կամավոր հաշվետվողականությունը եկեղեցուն կտային ավելի ուժեղ բարոյական դիրք և զգալիորեն կթուլացնեին պետական միջամտության համար ձևավորվող հանրային պահանջը։


 


Եկեղեցու հիմնական ուժը գույքի կամ արտոնությունների մեջ չէ։ Նրա ամենաթանկ կապիտալը հանրային վստահությունն է, իսկ այդ վստահությունը պահպանվում է թափանցիկությամբ, պատասխանատվությամբ և սեփական օրինակով։


 


Հայաստանին անհրաժեշտ է պետություն-եկեղեցի հարաբերությունների այնպիսի համակարգ, որը միաժամանակ երաշխավորում է եկեղեցու հոգևոր ինքնավարությունը և հանրային նշանակություն ունեցող ֆինանսական ու տնտեսական գործունեության հաշվետվողականությունը։ Այդ սահմանների հստակեցումը թույլ կտա տնտեսական և իրավական հարցերը դուրս բերել քաղաքական բախման ու հավատքի շուրջ հակադրության դաշտից։


 


Այս վեճի արժեքավոր արդյունքը կարող է լինել հենց այդ նոր հավասարակշռության ձևավորումը։


 


Հարկը միջոց է։ Վստահությունը՝ նպատակը։


 


 


 




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment