Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից որոշակի հոգնածություն կա. ԵՄ հանձնակատար

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից որոշակի հոգնածություն կա. ԵՄ հանձնակատար

Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից որոշակի հոգնածություն է նկատվում, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Euractiv-ին տված հարցազրույցում։

«Հասկանալի է, որ գրեթե հինգ տարվա պատերազմից հետո որոշակի հոգնածություն է առաջացել։ Սակայն մենք ի սկզբանե պարտավորվել ենք շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Դոմբրովսկիսը։

Նա նաև անդրադարձել է ԵՄ պատժամիջոցների մեխանիզմի հնարավոր փոփոխությանը, մասնավորապես՝ որոշումները բոլոր 27 անդամ երկրների միաձայն համաձայնության պահանջից ազատելու հարցին։ Դոմբրովսկիսի խոսքով՝ մոտ ապագայում դա հնարավոր չէ, քանի որ նման փոփոխությունը կպահանջի ԵՄ պայմանագրերի փոփոխություն, որն իր հերթին կրկին պետք է միաձայն հաստատվի անդամ երկրների կողմից։

«Այս իրավիճակում միակ ելքը Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելն է։ Միանգամայն պարզ է, որ Պուտինն ու Ռուսաստանն իրենք իրենց չեն կանգնեցնի։ Նրանց պետք է կանգնեցնել»,- հավելել է եվրահանձնակատարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment