Զելենսկու և Լայենի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում. Bloomberg

Զելենսկու և Լայենի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկին մտահոգություն է հայտնել ձմռանը հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները սահմանափակ են, և դա կարող է դժվարացնել քաղաքների պաշտպանությունը։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահը դժգոհություն է հայտնել նաև Եվրամիության՝ ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու որոշման կապակցությամբ։

Միաժամանակ, ԵՄ ներկայացուցիչները Ուկրաինայի իշխանություններից պահանջել են ընդունել ստվերային տնտեսության դեմ ուղղված և երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտեցնող օրենքներ։ Նրանց խոսքով՝ մինչև այդ պահանջների կատարումը Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսավորում չի տրամադրի։

Հրապարակման համաձայն՝ սեպտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովի անդամները նամակ էին ուղարկել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներին՝ ի պատասխան Զելենսկիի՝ լրացուցիչ 27 միլիարդ դոլարի ֆինանսավորում ստանալու խնդրանքի։ Նամակում ներկայացվել էր այն օրենքների ցանկը, որոնք Կիևը պետք է ընդունի Ukraine Support Loan և Ukraine Facility վարկային ծրագրերից միջոցներ ստանալու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment