ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին դաշինքներ է ձևավորում գործող համայնքապետերի հետ․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Գավառում և Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է գործող համայնքապետերի գլխավորած դաշինքներով, իսկ Ապարանում նախատեսում է նման համագործակցություն, գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի փոխանցմամբ՝ Գավառում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը ձևավորել են «Համերաշխություն» դաշինքը՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նման դաշինք է ձևավորվել նաև Գորիսում՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։

Ապարանում իշխանությունները մտադիր են դեկտեմբերին սպասվող ընտրություններում գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի Կարենին», առաջադրել ՔՊ-ի հետ դաշինքով, հայտնում է թերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ Եղիազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ հրապարակայնորեն աջակցել էր ՔՊ-ին։

Ստեփանավանում, սակայն, «Գործարարն» ու ՔՊ-ն առանձին են մասնակցում ընտրություններին։ Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ, մինչդեռ ՔՊ-ն այլ թեկնածու է առաջադրել։ Թերթի տեղեկություններով՝ «Գործարարի» ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաև Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը։

«Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին և հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։

Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանք կընդգրկեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը:

Leave a Comment