Ադրբեջանը պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր հասանելիություն տրամադրի հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, հայտարարել է Human Rights Watch-ի (HRW) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումներին։
Գոգիան նշել է, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի բանտարկյալների կանոնավոր կապն ընտանիքների հետ, նամակներ և թույլատրելի ծանրոցներ ստանալու հնարավորությունը, անհրաժեշտ բժշկական օգնությունը և ամենօրյա բավարար բացօթյա ֆիզիկական ակտիվությունը։
HRW-ի ներկայացուցիչն անդրադարձել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային ուղղված ուղերձին։
Վարդանյանը հայտնել էր, որ Ումբակի բանտում պահվող որոշ անձինք ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն չունեն, իսկ տեսազանգերից չի կարող օգտվել նրանցից ոչ մեկը։ Նա տեղեկացրել էր, ինքը չի կարող բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ իր բողոքներին գրավոր պատասխաններ ստանալ։ Վարդանյանը նաև պնդել էր, որ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար շաբաթական մեկ անգամ տրամադրվում է ընդամենը 20-40 րոպե՝ օրական մեկ ժամի փոխարեն։
Human Rights Watch-ը նշել է, որ չի կարողացել անկախ մարմնի միջոցով ստուգել Վարդանյանի ներկայացրած պնդումները։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքել էր բանտարկյալների իրավունքների խախտումների մասին պնդումները։
HRW-ն հիշեցրել է, որ կալանավորվածների կապն ընտանիքների հետ դժվարացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի սեպտեմբերին փակեցին երկրում ԿԽՄԿ-ի պատվիրակությունը։ ԿԽՄԿ-ի՝ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել էին կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ և գնահատել պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Սակայն այդ այցելություններն այժմ ավելի հազվադեպ են։
HRW-ն նշել է, որ դատավարությունն արդար դատաքննության իրավունքի պահպանման վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Կազմակերպությունը հիշեցրել է նաև Amnesty International-ի գնահատականը, ըստ որի՝ դատավարության ընթացքում ապացույցները ներկայացվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով՝ առանց պատշաճ թարգմանության։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհից մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում։
