Ինչպես հայկական մշակույթը նվաճեց Բեռլինի հեղինակավոր Կաթոլիկ ակադեմիայի «Քաղաքականություն և պոեզիա» նախագիծը․ «Սփյուռքի ձայնը»

Պրոֆեսորի առեղծվածային մահը, կուլիսային մրցակցությունն ու Չարենցի հաղթական ակորդը Գերմանիայի սրտում. գերմանաբնակ լուսանկարիչ, լրագրող և միջոցառումների համակարգող Ռուզաննա Կարապետյանի բացառիկ պատմությունը «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարում։

Ի՞նչ կարող է պատահել, երբ Բեռլինի Կաթոլիկ ակադեմիայի հեղինակավոր «Քաղաքականություն և պոեզիա» նախագծում, որտեղ նախատեսված էին միայն Մերձավոր Արևելքի իսլամական երկրները, հանկարծ հայտնվում է Հայաստանը, իսկ նախագծի հեղինակ գերմանացի պրոֆեսորը միջոցառումից առաջ անսպասելիորեն մահանում է։

34 տարի Բեռլինում բնակվող լրագրող և մշակութային գործիչ Ռուզաննա Կարապետյանը «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի եթերում պատմել է մի իրական դրամա, որտեղ հայկական պոեզիան հաղթահարեց քաղաքական արգելքներն ու մրցակցությունը։

«Պարո՛ն Շտայնբախ, իսկ Հայաստա՞նը…»

Նախագծի հեղինակը հայտնի արևելագետ, պրոֆեսոր Ուդո Շտայնբախն էր։ Ծրագիրը նվիրված էր Թուրքիային, Իրանին, Սիրիային, Միջին Ասիային։ Հայաստանն այդ ցանկում չկար։ Ռուզաննան, սակայն, համարձակվում է առաջարկել.

«Շատ զգուշությամբ ասացի. «Պարո՛ն Շտայնբախ, միգուցե Հայաստա՞նն էլ ընդգրկենք»։ Բացատրեցի, որ մեր պատմության քաղաքական կարմիր թելը Եղեռնի ու ազատագրական պայքարի ցավն է։ Շտայնբախը ոգևորվեց. «Հիանալի՛ է, թո՛ղ լինի Եղեռնը որպես քաղաքական հենք»»։

Ռուզաննային տրվեց լիակատար ազատություն, և նա ստեղծեց հայ մտքի մի հզոր «փազլ»՝ Վահագնի ծնունդից ու Մաշտոցից մինչև Քուչակ, Սայաթ-Նովա, Սիամանթո, Սևակ, Չարենց և Սոնա Վան։

Առեղծվածային մահ և կուլիսային պայքար

Երբ ամեն ինչ պատրաստ էր, օգոստոսին վրա հասավ ողբերգությունը. առողջ ու կենսուրախ պրոֆեսոր Շտայնբախը արյան վարակումից մահացավ ընդամենը երեք օրում։

«Իմ առաջին միտքն էր՝ սա էլ մեր հայկական բախտը… Բայց շուտով զանգեցին ակադեմիայից. «Ռուզաննա՛, ի հիշատակ պրոֆեսորի՝ դեկտեմբերի 10-ին երեկոն կայանալու է»»։

Կուլիսներում, սակայն, պայքար էր գնում. նախագծի մասին իմանալով՝ վրացական կողմն արագ միջոցառում էր կազմակերպել, իսկ հայկական երեկոյից հետո Ադրբեջանի հետ աշխատող գերմանացի մի ներկայացուցիչ փորձեց իրենց էլ ներգրավել։ Բայց Շտայնբախի մահից հետո ակադեմիան ծրագիրը փակեց հենց Հայաստանով՝ այն դարձնելով նախագծի վերջին ու ամենափայլուն հանգրվանը։

Գերմանացի բժշկուհու հիացմունքն ու Խորեն Աբրահամյանի շունչը

Դեկտեմբերի 10-ին դահլիճը լեփ-լեցուն էր։ Հայերեն արտասանությանը զուգահեռ հնչում էին գերմաներեն թարգմանությունները, Սուրեն Բիրկեի դուդուկը, ցուցադրվում էին Փարաջանովի ֆիլմերի կադրերը, իսկ Սայաթ-Նովայի «Աշխարհս մի փանջարա է, բեզարել իմ…» տողերը գերմաներենով իսկական բացահայտում դարձան ներկաների համար։

«Մի գերմանացի հայտնի բժշկուհի մոտեցավ ինձ ու ասաց. «Ռուզաննա՛, ես այսպիսի բան չէի լսել։ Այս ի՜նչ արդիական է։ Խնդրում եմ, ինձ տվեք նաև Քուչակի այն տողերը՝ «Ես ձուկ եմ, դու ջուր…»։ Սա մի ողջ տիեզերք է, որը մենք չգիտեինք»»։

Իսկ ավարտին Ռուզաննան հրաժարվեց վատ տրամադրությունից. մեծ էկրանին միացվեց Խորեն Աբրահամյանի կատարմամբ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։

«Իմ գերմանացի գործընկեր Օլիվերը, որ ոչ մի բառ չէր հասկանում հայերեն, ապշած ասաց. «Ռուզաննա՛, սա ի՞նչ է… Այս մարդն ի՞նչ արեց։ Ի՜նչ հզորություն, ի՜նչ ոգի»։ Ամբողջ դահլիճը ցնցված էր»։

Կրակը, որը պարտավոր ենք փոխանցել

Հայկական երեկոյի աղմկոտ հաջողությունից հետո արդեն Բեռլինի Բողոքական եկեղեցին է դիմել Ռուզաննային՝ նոյեմբերին կազմակերպելու «Հայ-գերմանական պոեզիայի» երկօրյա մեծ ծրագիր։

Եվրոպայում հաճախ հայերին ճանաչում են լոկ Ցեղասպանության զոհի կարգավիճակով։ Բայց Ռուզաննա Կարապետյանի համոզմունքն աներեր է.

«Հայերը միայն Եղեռնով ու զոհերով հայտնի չեն։ Մենք հայտնի ենք մեր աստվածաշնչյան մշակույթով։ Մեր ձեռքից կարող են ամեն ինչ խլել, բայց մեր մշակույթը խլել չեն կարող։ Սա է մեր հենասյունը, և սա է այն կրակը, որը պարտավոր ենք փոխանցել գալիք սերունդներին»։

Leave a Comment