Երևանի Քանաքեռ-Զեյթունում և Արմավիրի մարզում ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստման և ապօրինի իրացման դեպքեր են բացահայտել։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 14-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչն առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ, հայտնում է ոստիկանությունը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննության արդյունքում 51-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, ինչպես նաև օղու դատարկ շշեր, խցաններ և ակցիզներ։
Կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստման մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ստացված տեղեկության համաձայն՝ Բամբակաշատ գյուղի 62-ամյա բնակիչն առանց համապատասխան թույլտվության իրացնելու նպատակով պատրաստում է կեղծ օղիներ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 62-ամյա տղամարդու տան և դրան կից օժանդակ շինության զննության ընթացքում հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։
Երկու դեպքերի առնչությամբ էլ նախաքննություն է իրականացվում։
«Ապօրինի ձեռնարկատիրությունը համարվում է քրեորեն պատժելի արարք, իսկ կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստումն ու իրացումը կարող են նաև մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ: